Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված պաշտոնական Երեւանի քայլերը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net հղված Համագումարի հաղորդագրության մեջ: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դյուրին չէ եւ, անկասկած, մոտակա ամիսներին լարված ջանքեր կպահանջի: Մենք այնպիսի մարդկանց կողքին ենք, որոնք աշխատում են, որպեսզի ամուր հիմք ապահովեն Հայաստանի ապագայի եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման համար»,- հայտնել է ԱՀՀ նախագահ Հրայր Հովնանյանը:
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ շրջանակային համաձայնության ձեռքբերման մասին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը չի անդրադարձել Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի դիրքորոշման վրա: «Մենք համոզված ենք, որ նախագահ Օբաման չի փոխել իր հայացքները: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գերին լինի: Հայաստանի ղեկավարությունը լիարժեք գիտակցում է դա»,- նշվում է ԱՀՀ հաղորդագրության մեջ:





