Բուլղարիայի Տոշեվո քաղաքում ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհեի հիշատակին եւ օսմանյան լծից Բուլղարիայի ազատագրմանը նվիրված հուշարձանի բացումը: Հուշարձանը խորհրդանշում է հայ եւ բուլղար ժողովրդների բարեկամությունը, նրանց ընդհանուր պատմությունը: Հուշարձանը կանգնեցվել է Հովսեփյան եղբայրների եւ Բուլղարիայի հայերի միության հովանավորությամբ: Սա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված արդեն երրորդ հուշարձանն է` առաջինը Վարնայում է, երկրորդը` Բատակում, որտեղ թուրքերը բուլղարացիների զանգվածային սպանություններ են գործել:
Արարողության ժամանակ հայտնի օպերային երգիչ Ցվետան Ցվետկովը բուլղարերեն լեզվով կատարել է հայտնի «Ադանա» երգը: Հայոց ցեղասպանության դատապարտման գործում ունեցած ավանդի համար երգիչը պարգեւատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով:
Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի խոսքերով, 2009թ, հունիս-հուլիս ամիսներին սպասվում են բանակցություններ Անդրանիկ Օզանյանի կնոջ եւ երեխաների հետ` Վարնայի իրենց տունը գնելու եւ այն զորավար Անդրանիկի տուն-թանգարանի վերածելու նպատակով:





