AM
28 Ապրիլ 2009 - 16:16 AMT

ՀՀ ՊՆ բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա մակարդակը

Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա վիճակը` այն որակելով որպես Հայաստանի անվտանգության ապահովման կարեւոր բաղադրատարր: Պարոն Ս.Օհանյանն ընդգծեց, որ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի (IPAP)հաստատումը լավ հնարավորություններ կստեղծի այդ հարաբերություններն առաջիկայում էլ ավելի զարգացնելու համար:

Ի պատասխան պարոն Բիզոնիերոն կարեւորեց Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը, հատկապես ռազմական ոլորտում: Նա հատկանշեց, որ Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում ՆԱՏՕ-ն առաջնահերթ նշանակություն է տալիս ռազմական փոխգործունակությանը, խաղաղապահ բրիգադի կազմավորմանը, ռազմակրթական համակարգի արդիականացմանը, պլանավորման երկարաժամկետ կարողությունների եւ հմտությունների զարգացմանը:

Խոսելով համագործակցության ոլորտների մասին, ՀՀ պաշտպանության նախարարը դրական գնահատեց ՆԱՏՕ-ի կողմից ցուցաբերված փորձագիտական օժանդակությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումների իրականացման, մասնավորապես` պաշտպանության ռազմավարական վերանայման, «ՀՀ ՊՆ հանրային իրազեկման հայեցակարգի» մշակման, ԶՈՒ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների ամրապնդման եւ այլ ոլորտներում:

Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ այսուհետ եւս Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կընթանա շարունակական զարգացման հունով: