A գրիպի (H1N1) հետ կապված իրադրությունը շարունակում է վատթարանալ: Ապրիլի 30-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պաշտոնական հաղորդագրություններ է ստացել A գրիպով վարակվելու 236 հաստատված դեպքերի մասին, իսկ դրանից մեկ օր առաջ դրանց թիվը 148 էր, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, նախօրեին Մեքսիկայի կառավարությունը հաղորդել է մարդկանց վարակման 97 հաստատված դեպքերի մասին: Ընդհանուր առմամբ, ԱՀԿ տեղեկատվություն է ստացել A գրիպի (H1N1) բռնկման մասին Միացյալ Նահանգներում, Մեքսիկայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իսրայելում, Գերմանիայում եւ Ավստրիայում:
Իրադրության վատթարացման կապակցությամբ ԱՀԿ որոշել է գրիպի դեմ պայքարի պատրաստականության ֆազան բարձրացնել չորսից հինգի:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կազմակերպությունն աշխարհի բոլոր երկրներին կոչ է արել պատրաստվել գլոբալ համաճարակին արձագանքելու ծրագրերի իրականացմանը:





