Մեքսիկայի Բռնցքամարտի ֆեդերացիան, որն ավելի վաղ մայիսի 23-30 Հայաստանում կայանալիք բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ էր ներկայացրել, պաշտոնապես հրաժարվել է մասնակցությունից Մեքսիկայում տարածված խոզի գրիպի պատճառով:
«Ինչպես դուք գիտեք, Մեքսիկան ներկայումս ծանր դրության մեջ է գտնվում երկրում տարածված համաճարակի կապակցությամբ: Չնայած, որ մեր բոլոր մարզիկները միանգամայն առողջ են, մենք չենք ցանկանում ռիսկի ենթարկել ԱԱ մյուս մասնակիցների առողջությունը»,- իր նամակում նշել է Մեքսիկայի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Ռիկարդո Կոնտրերասը:
Ներկա պահին Մեքսիկան միակ երկիրն է, որը հայտ ներկայացնելուց հետո պաշտոնապես հրաժարվել է մասնակցել աշխարհի առաջնությանը: Այդպիսով, 2009թ. բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը կրկին հասել է 48-ի:





