AM
5 Մայիս 2009 - 17:05 AMT

Հայաստանի եւ Ռուսաստանի Քիկբոքսինգի ֆեդերացիաները համագործակցության շուրջ պայմանագիր են ստորագրել

Մոսկվայում կայացել է քիկբոքսինգի նոր հայկական դպրոցի բացման արարողությունը: Արարողությունը սկսել են ՀՀ քիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանն ու Ռուսաստանի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն, պրոֆեսիոնալ բոքսի Ֆրանսիայի գավաթի մրցանակակիր Սուրեն Ղալաչյանը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Գառնիկ Հայրապետյանը, բացման արարողությունից հետո հայկական պատվիրակությունն այցելել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը, որտեղ պատվոգրեր եւ հուշանվերներ է հանձնել Ռուսաստանի ծագումով հայ քիկբոքսինգի մարզիկներին:

Այցի ընթացքում Գառնիկ Հայրապետյանն ու ՌԴ քիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահն ու Քիկբոքսինգի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ռաշիդ Սայապովը համագործակցության շուրջ պայմանագիր են ստորագրել, համաձայն որի, արդեն մոտ ապագայում նախատեսվում են մարզիչների եւ մրցավարների համատեղ սեմինարներ:

Նույն օրը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն ընդունել է ՀՀ քիկբոքսինգի նախագահ Գառնիկ Հայրապետյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ-ում քիկբոքսինգի զարգացմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի ֆեդերացիաների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Արմեն Սմբատյանին շնորհվել է «Հայաստանի քիկբոքսինգի ֆեդերացիայի պատվավոր անդամի» կոչում:

Գառնիկ Հայրապետյանի խոսքերով, Ռուսաստանում մարզվում է քիկբոքսինգի ծագումով հայ ավելի քան 500 մարզիկ, որոնցից շատերը կարող են օգնել Հայաստանի հավաքականին միջազգային մրցաշարերում: Իսկ սեպտեմբերին ծրագրվում է ՌԴ քիկբոքսինգի ֆեդերացիայի հետ համատեղ ջանքերով մրցաշար կազմակերպել Մոսկվայում, որին կմասնակցեն քիկբոքսինգի հայ մարզիկները Ռուսաստանից եւ Հայաստանից:

«Մենք որոշել ենք մրցաշարնն անցկացնել Մոսկվայում, այլ ոչ Երեւանում, քանի որ իրական չէ այդպիսի մեծ քանակությամբ ռուսաստանցի հայերի ժամանումը Երեւան», – նշել է Հայաստանի քիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահը:

Միջոցառման ավարտին Գառնիկ Հայրապետյանին հանձնվել է Հուշագավաթ` Հայաստանում քիկբոքսինգի զարգացման գործում ներդրած անհերքելի ավանդի համար: