Այսօր տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ընթացքում «Եվրոպական ինտեգրում» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը եւ ԱՊՀ երկների ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքականագետ Ալեքսանդր Մարկարովն իրենց տեսակետն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
«Հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր հարց են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Կարելի է ասել, որ վերջին տարվա իրադարձությունները ցույց են տվել այդ հարցում որոշ դրական բեկում` սկսած «ֆուտբոլային դիվանագիտությունից», վերջացրած` «ճանապարհային քարտեզի» ստորագրումով: Թե ինչպես կզարգանան հայ-թուրքական հարաբերությունները հետագայում, մենք կտեսնենք հենց մերձեցման գործընթացում, տվյալ պահին այդ ուղղությամբ կարել է փաստել միայն դրական միտումներ», – հայտարարել է Մարկարովը:
Կարեն Բեքարյանը, սակայն, նշել է, որ հարցը կարելի է բաժանել երկու մասի: «Հայաստանում կա երկու դիրքորոշում.մեզ հարկավոր են որեւէ հարաբերություննր Թուրքիայի հետ, թե ոչ», – նշել է նա եւ ընդգծել, որ այդ հարցին պատասխանելուց հետո կարելի է պատասխաններ փնտրել նաեւ հայ-թուրքական մերձեցման մարտահրավերներին: «Իրավիճակը, երբ հարեւանները հարաբերություններ չունեն միմյանց հետ, չի կարող բնական լինել: Սակայն հարցի մյուս կողմը` այն, թե ինչպես են ձեւավորվում հարաբերությունները, իր մեջ ներառում է Հայաստանի համար բազմաթիվ արդիական եւ նշանակալից երեւույթներ», – հայտարարել է նա:
«Ես գրեթե վստահ եմ, որ «Ճանապարհային քարտեզի» հրապարակումից հետո նախապայմանների թուրքական քաղաքականություն կվերացվի», -հայտարարել է նա: Կարեն Բեքարյանը վստահ է, որ այդ փաստաթղթում ոչ մի ավելորդ բան չկա` բացի երկկողմ հարաբերությունների քննարկումից: Դա, նրա կարծիքով, խոսում է այն մասին, Ղարաբաղյան հիմնախնդրում Թուրքիայի գործոնը նույնպես չեզոքացվել է:





