ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է.«15 տարի առաջ Լեռնային Ղարաբաղում դադարեցվեց լայնածավալ դիմակայությունը, որն ամենադաժանն էր նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն ժամանակ պետությունների ղեկավարները խիզախություն եւ հեռատեսություն դրսեւորեցին, հրամայելով զինվորական հրամանատարությանը հրադադարի մասին համաձայնագիր կնքել: Ցավոք, հրադադարի ռեժիմը կատարյալ չէր եւ այսօր էլ ճակատային գծում մարդիկ են զոհվում: Մենք հուսով ենք, որ խաղաղ կարգավորումը, որի ուղղությամբ այժմ աշխատում են կողմերը, թույլ կտա ապագա սերունդներին Հայաստանում, Ադրբեջանում ու Ղարաբաղում մեծանալ` զերծ մնալով պատերազմի սարսափներից: Իսկ մինչ այդ, մենք կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:
Մենք լիահույս ենք, որ երկրների այսօրվա նախագահները կկարողանան հաղթահարել դժվարություններն ու կձեւավորեն անվտանգության, վստահության, համագործակցության ու արդյունավետ շփումների մթնոլորտ տարածաշրջանի երկրների միջեւ, ինչը թույլ կտա նրանց ապրել խաղաղության մեջ, ինչպես լավ հարեւանների: Մենք հուսով ենք նաեւ, որ պետությունների ղեկավարները հետեւողական կլինեն Մինսկի խմբի հետ համագործակցության հարցում, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում»:





