AM
13 Մայիս 2009 - 15:38 AMT

CCAF -ն լրջորեն մտահոգված է Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ների հայտարարությամբ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհուրդը մտահոգություն է հայտնում ապրիլի 22-ին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարության կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը:

«Երեւանի ու Անկարայի միջեւ համաձայնագրի մշուշոտ բնույթը եւ մշտական ճնշումը Հայաստանի վրա այլընտրանք չեն թողնում` ցանկացած համաձայնագիր մերժելուց բացի, որտեղ չեն հաշվի առնվի հայ ժողովրդի հիմնարար իրավունքները»,-ասվում է CCAF հայտարարության մեջ:

Փաստաթղթի հեղինակները գտնում են, որ Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունն անընդունելի է հետեւյալ պատճառներով: «Այդ հայտարարության հրապարակման ամսաթիվը, մեղմ ասած, ընդունելի չէր: Այն նաեւ մտավախություն է առաջացնում, որ Հայաստանին կարող են ստիպել գնալ վտանգավոր եւ անընդունելի զիջումների ի վնաս ազգային անվտանգության, այն է` ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հարցում»,-ասվում է CCAF հայտարարության մեջ: CCAF ներկայացուցիչները հայտարարում են, որ ողջ աշխարհի հայերը մերժում են ցանկացած համաձայնագիր, որը կարող է սպառնալիք լինել հայ ժողովրդի հիմնական իրավունքներին:

Ապրիլի 23-ին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ-ները Շվեյցարիայի ԱԳՆ աջակցությամբ համատեղ հայտարարություն են ստորագրել հարաբերությունների կարգավորման համար: