Մայիսի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը` հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին աշխարհի տարբեր երկրներում գործող հիմնադրամի տեղական մարմինների ատենապետներ եւ հոգաբարձուների խորհրդի վերստուգիչ կոմիտեի անդամ Վահե Ճազմատարյանը:
Հանդիպման սկզբում Բակո Սահակյանը ԼՂՀ պետական պարգեւներ է հանձնել հիմնադրամի մի խումբ անդամների` Արցախում հիմնադրամի ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար:
Այնուհետեւ Նախագահը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին: Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է Լեռնային Ղարաբաղում հիմնադրամի գրասենյակի բացման մասին, համարելով այն տեղում աշխատանքները ավելի օպերատիվ եւ արդյունավետ իրականացնելու կարեւոր գործոն:
Խոսելով հիմնադրամի հետ հետագա համագործակցության խորացման եւ ընդլայնման մասին, երկրի ղեկավարն ընգծել է աշխատանքների բարձր որակի, շինարարության կուլտուրայի ապահովման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Նախագահը կարեւորեց նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կառույցների կողմից Սփյուռքի մտավոր ներուժի օգտագործումը մեր հանրապետության տարբեր ոլորտներում կադրերի որակավորման բարձրացման հարցում, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատական վարչությունը:





