Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացն արդեն սկսվել է: Մի քանի տարի առաջ մենք տեսել ենք միայն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, ոչ թե հակամարտության կարգավորման բուն գործընթացը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները բանակցային գործընթացում ղարաբաղյան հակամարտության լուծման նոր բանաձեւ են առաջադրում` տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա, ազգի ինքնորոշման իրավունքը եւ ուժի կիրառման բացառումը: Ես կարծում եմ, որ այստեղ կարեւոր դեր է խաղացել Թուրքիայի ակտիվությունը գործընթացում»,- նկատել է Գրիգորյանը: Հայ փորձագետի կարծիքով, Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կողմերը դրական են գնահատել հանդիպումը: Բայց որոշ ժամանակ անց ադրբեջանական կողմը հասկացավ, որ բանակցություններն ընթանում են Բաքվի համար անբարենպաստ հունով եւ հայտարարեց, որ Երեւանի դիրքորոշումը բանակցություններում ապակառուցողական է:
«Այժմ ավելի ճիշտ կլիներ, եթե Երեւանն ու Բաքուն ջանքեր գործադրեին խաղաղ համաձայնագիր ստորագրելու համար, եւ ոչ թե կենտրոնանային Մադրիդի սկզբունքների վրա: Այդ սկզբունքները յուրաքանչյուր կողմ ընդունում է յուրովի, ադրբեջանական կողմն ընդգծում է միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ Հայաստանը` ազգային ինքնորոշման իրավունքը»,- ընդգծել է Ստեփան Գրիգորյանը, ավելացնելով, որ վերջիվերջո, ԼՂՀ-ը կվերադառնա բանակցային գործընթաց, եւ Հայաստանն արդեն հիմա պետք է բարենպաստ հող նախապատրաստի դրա համար:





