AM
14 Մայիս 2009 - 14:13 AMT

ԱՄՆ եւ Ռուսաստանի դիրքորոշումները ԼՂ հակամարտության կարգավորման ժամկետներում չեն համընկնում

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Պրահայում ցույց տվեց, որ ԱՄՆ եւ Ռուսաստանի դիրքորոշումները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետների հարցում չեն համընկնում: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: «Ելնելով այն հայտարարություններից, որոնք արել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Պրահայում հանդիպումից հետո, կարելի է հասկանալ, որ Ռուսաստանը չի շտապում լուծված տեսնել ղարաբաղյան հակամարտությունը».- ընդգծել է հայ քաղաքագետը: Նրա խոսքերով, պաշտոնական Մոսկվան միշտ հսկայական դեր է խաղացել ԼՂ հակամարտության մեջմ, եւ այն պայմաններում, երբ ԱՄՆ եւ Ռուսաստանը հակամարտության լուծման տարբեր ժամկետներ ունեն, դժվար թե լուրջ տեղաշարժեր լինեն: «Ինձ անհանգստացնում է այն, որ մեր հասարակությունը մոռանում է Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախադեպերը, մինչդեռ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի հենց այդ նախադեպերի ֆոնի վրա»,- ընդգծել է փորձագետը, ավելացնելով, որ Հայաստանը պետք է այդ բանավեճի մեջ ներառի ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային, որը ճանաչել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը:

«ԱՄՆ դիրքորոշումը Հարավային Կովկասի նկատմամբ փոխվում է, եւ այստեղ արդեն նկատվում են Հայաստանի համար ոչ բարենպաստ ազդանշաններ: Հայաստանի ղեկավարությունը պետք է վերլուծի եւ հասկանա մեր երկրի հանդեպ ամերիկյան քաղաքականության փոփոխությունների պատճառները»,- նկատել է Ստեփան Գրիգորյանը: