«Այն, որ Պրահայի գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, ես ժամանեցի տարածաշրջան ու հանդիպեցի Ադրբեջանի ու Հայստանի նախագահների հետ, ցույց է տալիս, որ մենք շատ հարցեր ունենք, որոնք պետք է լուծվեն»,-ուրբաթ օրը լրագրողներին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն Բաքվում: Նա ընդգծել է, որ պետք չէ բանակցային յուրաքանչյուր փուլ դիտարկել առանձին: «Չէ որ եթե դուք ինչ-որ լուսանկար եք նայում, ապա չեք ստանում պատկերացում շարժման մասին: Շարժումը զգալու համար պետք է ֆիլմ դիտել»,-պարզաբանել է ֆրանսիացի համանախագահը:
Հունիսին կայանալիք հանդիպումը հինգերորդը կլինի Ադրբեջանի ու Հայստանի նախագահների միջեւ: «Եթե մարդիկ այդքան հաճախ հանդիպում են, կնշանակի նրանք ասելիք ունեն միմյանց: Ուստի մենք հուսով ենք, որ կառուցողական որոշում կկայացվի»,-ասել է Բ.Ֆասիեն:
Ըստ Ֆասիեի, հանդիպումը Պրահայում չի ձախողվել, ինչպես ասում են որոշ դիտորդներ, հայտարարել է ֆրանսիցաի դիվանագետը: «Գուցե բեկում չունենք, սակայն առաջխաղացում կա»,-ասել է նա:
Համանախագահները նախագահների հետ միասին, ըստ Ֆասիեի, որոշել են այն կետերը, որոնց հասնելու դեպքում կողմերը կարող են աշխատել Մադրիդյան փաստաթղթի հաջորդ կետերի վրա: Նրա խոսքերով, այդ փաստաթղթի որոշ կետեր վիճահարույց են, սակայն համանախագահները շարունակում են աշխատել այդ ուղղությամբ:
Ֆասիեի այցը Թուրքիա, ըստ նրա, ծրագրված այց է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում եւ ուղղակի առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:





