Հայաստանը չի զիջել իր դիրքերը ղարաբաղյան հակամարտության շուրջ Ադրբեջանի հետ բանակցություններում: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ ՍարգսյանըԽորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքերով, բանակցություններում գլխավորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները եւ մոտ ապագայում, հավանաբար Սանքտ Պետերբուրգում տեղի կունենա հերթական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ես վստահ եմ, որ այդ հանդիպումից հետո արդեն ոչ ոք չի ասի, թե Հայաստանը զիջում է իր դիրքերը»,-ասել է ՀՀ նախագահը:
Իր հերթին Ստեյպան Մեսիչն ընդգծել է,որ հին հակամարտությունների ռազմական լուծումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի եւ օրինակ է բերել Խորվաթիան, որը Հարավսլավիայի փլուզումից հետո կարողացավ անկախության հասնել: «Պատերազմը Հարավսլավիայում երկար տեւեց, մենք շատ մարդ կորցրեցինք, սակայն սահմանները նույնը մնացին: Լուծման լավագույն միջոցը բանակցությունների սեղանի շուրջ նստելն է»,-ասել է Մեսիչը:





