Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին Երեւանում հանդիպել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Ռենատե Ստիլլեի հետ, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին` դեսպանի պաշտոնում կատարած աշխատանքի համար եւ նշել, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Բրազիլիայի հետ հարաբերությունների զարգացմանը: Իր հերթին, Ռենատե Ստիլլեն ասել է, որ իր եռամյա գործունեության ընթացքում ձգտել է հնարավորինս մերձեցնել ու զարգացնել երկու երկրների հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել նե քաղաքական երկխոսության ակտիվացումը, տնտեսական փոխգործակցության ընդլայնումը` երկկողմ հարաբերություններում առանձնահատուկ դեր վերապահելով Բրազիլիայի հայկական համայնքին: Նրանք համակարծիք են եղել, որ մինչեւ տարեվերջ Բրազիլիայում Հայաստանի դեպանատան բացումը լուրջ հիմք եւ խթան կլինի երկու պետությունների ու ժողովուրդների համագործակցության խորացման համար, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը:





