ԱՄՆ կոնգրեսական Հավյեր Բեկերրան պաշտպանում է Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Ամերիկայի հայկական համագումարից (ԱՀՀ): «Վաղուց եկել է ժամանակը, որպեսզի Վաշինգտոնը , որպես Հայաստանի մոտ ընկեր եւ դաշնակից, ճանաչի այդ պատմական իրողությունը: Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի` չնայած Թուրքիայի հետ հարաբերություններին: Հենց այդ պատճառով ես ամեն կերպ աջակցելու եմ ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության հռչակագրի ընդունմանը»,- հայտարարել է կոնգրեսականը:
Իր հերթին, ԱՀՀ-ը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին հռչակագրի ընդունմանն ակտիվ կերպով աջակցելու համար: Ավելի վաղ ԱՀՀ Արեւմտյան բյուրոյի տնօրեն Եղիշ Քեշիշյանը եւ Հարավային Կալիֆոռնիայի Շրջանային խորհրդի անդամներն առանձին հանդիպումներ են ունեցել Հավյեր Բեկերրայի հետ: Եղիշ Քեշիշյանն անհանգստություն է հայտնել ԱՄՆ կողմից Հայաստանին հատկացվող օգնության չափերի կրճատման եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության չափերի ավելացման առթիվ: «Բարաք Օբամայի վարչակազմի որոշումը` կրճատել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ ավելացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը, մեզ համար ոչ միայն հիասթափություն է, այլ նաեւ հակասում է Հարավային Կովկասում ԱՄՆ շահերին»,- հայտարարել է Քեշիշյանը:





