AM
1 Հունիս 2009 - 08:51 AMT

Սփյուռքը դեմ է հայ-թուրքական «ճանապարհային քարտեզին»

Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Արգենտինայի հայկական կազմակերպությունների համաժողովը, որի շուրջ 150 մասնակիցները քննարկել են «ճանապարհային քարտեզի» հարցը: Համաժողովի համակարգողն էր իրավաբան, պրոֆեսոր Խուան Գաբիել Թոքաթլյանը: Ըստ նրա, «ճանապարհային քարտեզն» ամենակերւոր իրադարձությունն է Հայաստանից համար անկախանալուց հետո, որ կարող է երեք մարտահրավերների առջեւ կագնեցնել հայությանը` հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստան-Սփյուռք հարաբերություններ, ուժերի մրցակցությունը եվրասիական տարածքում եւ դրանց անդրադարձը Հայաստանի վրա: Ըստ Թոքաթլյանի, «ճանապարհային քարտեզն» առավել խոցելի է դարձնում Հայաստանը:

Հայ դատի հարավամերիկյան գրասենյակի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը մեկնաբանել է «ճանապարհային քարտեզի» երկու բացասական կողմերը` համաձայնագրի կնքման ամսաթիվն ու բանակցությունների գաղտնի բնույթը, որոնք մտավախություն են առաջացնում, որ Հայաստանի կառավարությունը գնացել է զիջումների: «Դա վկայում է այն, որ Թուրքիան արդեն իսկ օգտագործում է «ճանապարհային քարտեզը» ելնելով իր ռազմավարական շահերից: Հայաստանի կառավարության մոտ բացակայում է ընդհանուր ռազմավարությունը, ինչը եւ ակնհայտ է, եւ վտանգավոր»,-ասել է նա:

Սոցիալ-ժողովրդավարական հնչակյան կուսակցության հարավամերիկյան ներկայացուցչության անունից ելույթ ունեցավ Սամո Սարգսյանը եւ Հայ կաթողիկե համայնքի ներկայացուցիչ` հայր Փապլո Հակիմյանը, որոնք եւս դեմ էին «ճանապարհային քարտեզին»` մեկնաբանելով այն որպես սփյուռքի համար տհաճ անակնկալ: Հայ Առաքելական եկեղեցու արգենտինյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գիսակ Մուրադյանը հայտարարեց, որ Հայաստանը չպետք է անտեսի սփյուռքի կարծիքը:

Ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք տարան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եւ բարիդրացիական ոգով դրանք զարգացնելու նպատակով, այդպիսով նպաստելով խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում: Այդ մասին ասվում է ՀՀ, Թուրքիայի արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ: