AM
1 Հունիս 2009 - 15:01 AMT

Էրդողանը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման կոչ է արել

«Ժամանակն է վերջ դնելու ղարաբաղյան հակամարտությանը, որը խանգարում է տարածաշրջանի զարգացմանը: Ես լավատեսությամբ եմ նայում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպմանը Սանկտ-Պետերբուրգում: Այդ հարցում ամեն ինչ կախված է Հայաստանի եւ ՄԽ համանախագահների դիրքորոշումից, որոնք իրենց վրա են վերցրել այդ հակամարտությունը լուծելու առաքելությունը»,- հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ:

Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդիրը նաեւ Թուրքիայի խնդիրն է: «Մենք այդ մասին ուղղակիորեն հայտարարեցինք մեր ռուս, ամերիկացի եւ եվրոպացի գործընկերներին եւ նրանց կոչ արեցինք ամենակարճ ժամկետներում լուծել այդ հակամարտությունը: Այդ խնդիրը տարածաշրջանի զարգացման հիմնական արգելակն է: Մենք Ադրբեջանի հետ զանազան նախագծեր ենք իրականացնում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում, Բաքու-Թբիլիսի-Կարս, Nabucco նախագիծը, որոնց շուրջը հիմա ինտենսիվ աշխատանք է ընթանում. այդ ամենը Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների ցուցանիշն է: Մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն արդեն անցել է 2 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը, Ադրբեջանի նավթային սեկտոր թուրքական ներդրումները կազմում են $3 միլիարդ: Մեր միակ խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն է, որի լուծման համար հարկավոր է միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշումը: Մենք ցանկանում ենք, որպեսզի համանախագահները հասկանան իրենց պատասխանատվությունն այդ հիմնախնդրի լուծման գործում»,- ընդգծել է Էրդողանը:

Նա նաեւ նշել է բանակի առանձնահատուկ դերը թուրքական հասարակության կյանքում եւ կրկին հիշեցրել, որ Թուրքիան էներգետիկ միջանցք է հանդիսանում Մերձավոր Արեւելքի, Կասպիական տարածաշրջանի եւ Արեւմուտքի միջեւ: