AM
1 Հունիս 2009 - 17:03 AMT

Ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդ

Ելնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումների պահանջներից, զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության խստացման եւ զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով ստեղծվում է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական խորհուրդ՝ կազմված գիտության, կրթության, բնապահպանության, սպորտի, առողջապահության բնագավառների, Հայ Առաքելական եկեղեցու մեկական եւ մշակույթի բնագավառի, հասարակական կազմակերպությունների ու Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների երկուական ներկայացուցիչներից: Այդ մասին ասվում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդում ընդգրկվել ցանկացողները մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը պետք է Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը: