AM
3 Հունիս 2009 - 08:42 AMT

ԱՄՆ դեսպանատները կհրավիրեն իրանցի դիվանագետներին

Ըստ պաշտոնական աղբյուրների հաղորդագրության, անցած ուրբաթ ԱՄՆ Պետքարտուղարությունը հեռագրեր է հղել իր դեսպանություններին` տեղեկացնելով, որ ամերիկացի դիվանագետները կարող են հրավիրել Իրանի ներկայացուցիչներին հուլիսի 4-ի տոնակատարությանը:

Այդ մասին հաղորդագրությունն առաջին անգամ հրապարակվեց երեքշաբթի New York Times-ում, իսկ հետո հաստատվեց Associated Press-ի կողմից: ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարում է, որ այդ քայլը Իրանի հետ տասնամյակների թշնամությունից հետո հարաբերություններ հաստատելու նախագահի վարչակազմի ծրագրի մի մասն է:

Անկախության օրվան նվիրված հանդիսություններn ամեն տարի տեղի են ունենում ԱՄՆ-ի արտերկրում գտնվող ներկայացուցչություններում: Որպես կանոն, ընդունելություն է կազմակերպվում կարմի-սպիտակ-կապույտ երանգների ձեւավորմամբ, հրավառությամբ, ավանդական ամերիկյան կերակուրով, մասնավորապես, հոթ-դոգերով եւ համբուրգերներով, ինչպես նաեւ ամերիկյան պատմության թեմայով ելույթներով: