AM
3 Հունիս 2009 - 15:32 AMT

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի եւ Բրազիլիայի նախագահներին

Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթի օդանավի աղետի կապակցությամբ այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սագսյանը ցավակցական ուղերձներ է հղել Ֆրանսիայի եւ Բրազիլիայի նախագահներին:

«Խոր վշտով տեղեկացա Ատլանտյան օվկիանոսում տեղի ունեցած ֆրանսիական ինքնաթիռի աղետալի վթարի եւ մարդկային մեծ կորստի մասին: Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին եւ զոհվածների ընտանիքներին»,- ասվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիին հղված ուղերձում:

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հղված ցավակցական ուղերձում ՀՀ նախագահը նշել է. «Բրազիլիայի համար այս դժվար պահին իմ վշտակցությունն եմ հայտնում Ձեզ ու բրազիլացի բարեկամ ժողովրդին` մաղթելով համբերություն եւ ոգու արիություն»: