«Մենք տեսնում ենք, որ 30 տարվա ընթացքում, տարբեր ռազմական գործողություններն ու մերժման քաղաքականությունը չնպաստեցին քրդական խնդրի լուծմանը, եւ այսօր թուրքական իշխանությունները վախենում են բախվել քրդական խնդրի իրողություններին»,-Ստամբուլում կայացած «Երկխոսություն լուծման համար» խորհրդաժողովում հայտարարել է Թուրքիայի Ժողովրդավարական հասարակական կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը: Նրա խոսքերով, կուսակցությունը նպաստում է քրդական հարցի ժողովրդավարական լուծման որոնմանը, անկախ նրա ողջ բարդությունից:
Թյուրքը հավելել է նաեւ, որ թուրք զինվորականները կխոչընդոտեն քրդական խնդրի լուծման այն բոլոր տարբերակներին, որոնք ընդունելի չեն լինի իրենց համար: Նա հիշեցրել է Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարի հայտարարության մասին, ըստ որի Գլխավոր շտաբը հիմնական դերակատարություն ունի քրդական հարցի լուծման մեջ եւ կկիրառվի խնդրի կարգավորման այն բանաձեւը, որն ընդունելի է Գլխավոր շտաբի համար:
Ըստ նրա, Թուրքիայի իշխանությունները սկսում են հասկանալ, որ քրդական խնդիրը չի կարող լուծվել հին մեթոդներով` հավելելով, որ քրդերը խնդրի լուծման իրենց տարբերակն ունեն, որը շատ հստակ արտահայտվել է իրենց կողմից:
«Ակնհայտ է, որ քրդական խնդրի վերաբերյալ դեռեւս ոչ մի ծրագիր չկա, բացի Թուրքիայի նախագահի այն հայտարարությունից, թե շուտով տեղի կունենան դրական փոփոխություններ քրդական հարցում, որը Թուրքիայի գլխավոր խնդիրն է»,-հայտարարել է Ահմեդ Թյուրքը:





