AM
8 Հունիս 2009 - 17:58 AMT

Լեռնային Ղարաբաղի համար հերթական պատերազմը կարող է ավերիչ հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բոլորովին էլ «սառեցված չէ», ինչպես ընդունված է ասել: Այն նույնիսկ շատ ավելի վտանգավոր է, քան Վրաստանի ու Մոլդովայի այսպես կոչված «սառեցված հակամարտությունները: Հակամարտող կողմերը շարունակում են սպառազինությունների մրցավազքը, որի արդյունքում տարածաշրջանը դարձել է Եվրոպայի ամենառազմականացված շրջանը: Ադրբեջանը տարեկան շուրջ 2 մլրդ դոլար է ծախսում զենքի գնումների վրա, ինչը գերազանցում է Հայաստանի ողջ տարեկան բյուջեն: Երկու երկրներում ամենուրեք զգացվում է թշնամություն, ամեն օր հրապարակվում են ատելությամբ լի քարոզչական նյութեր: Խաղաղության հաստատումը տեսանելի չէ ոչ մոտ, ոչ տեսանելի ապագայում, իսկ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը տեասնելի արդյունքներ չի տալիս, գրում է European Voice-ը:

Ըստ «Էլ որտե՞ղ ԵՄ-ն կարող է նպաստել խաղաղության գործին» հոդվածի հեղինակների, հերթական պատերազմը Լեռնային Ղարաբաղի համար ավերիչ հետեւանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: Կխախտվի կայունության փուխր բալանսը տարածաշրջանում, սպառնալիքի տակ կհայտնվեն Կասպից ծովի էներգակիրների առաքումը միջազգային շուկաներ: Թուրքիան ու ՌԴ-ն, հնարավոր է, սատարեն հակառակ կողմերին, եւ Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջամտության պահանջ կառաջանա: Լեռնային Ղարաբաղում պատերազմի գինը Եվրոպայի համար կարող է չափազանց բարձր լինել, ինչպես դա արդեն եղավ վրացական պատերազմի դեպքում, եւ զարմանալի է, թե ինչու է Եվրոպան այդքան քիչ ուշադրություն է հատկացնում հակամարտությանը:

«ԵՄ-ն պետք է լիովին ինտեգրվի ԵԱՀԿ ՄԽ կառույցներին: Եթե Եվրոպան դառնա խաղաղ պայմանագրի գլխավոր կատարողն ու երաշխավորը, ապա պետք է մասնակցի նաեւ ստորագրման գործընթացին: Այսպիսով, Ֆրանսիան ստիպված կլինի հրաժարվել իր տեղից ՄԽ-ում, իսկ ԵՄ-ի ներկայացուցչը, որը կզբաղեցնի այդ տեղը, պետք է ունենա պարզ, հուսալի մանդատ, ինրչպես նաեւ լայն դաշտ դաշինքի եւ նրա 27 անդամների անունից բանակցելու համար: Եվրոպան պետք է որոշի, թե պատրաստ է արդյոք հանդես գալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին: Երբեւէ կգա այնպիսի պահ, երբ Բրյուսելը կխնդրի հայկական կառավարությանը դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից, իսկ մերժման դեպքում, ճնշում կգործադրի Երեւանի վրա, սպառնալով նաեւ կասեցնել բանակցություններն ազատ առեւտրի եւ համագործակցության շուրջ: Հնարավոր չէ մի կողմից գովաբանել Ադրբեջանին որպես արժեքավոր դաշնակցի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար պայքարում, իսկ մյուս կողմից` չօգնել նրան վերականգնել վերահսկողոությունն իր տարածքում: ՄԱԿ-ի անթիվ բանաձեւերը, ՆԱՏՕ-ի հռչակագրերը եւ ԵԽ դիրքորոշումը հաստատում են Ադրբեջանի տարածքային ամոբղջականությունը»,-ասվում է հոդվածում:

European Voice-ը գտնում է, որ ԵՄ-ի «Արեւելյան գործընկերության» նոր ծրագիրը իր նպատակը համարում է կայունության, անվտանգության ու բարգավաճման հաստատումը մասնակից երկրներում: «Առանց ղարաբաղյան հակամարտության լուծման դա հնարավոր չի, տարածաշրջանը կշարունակի գործել որպես դանդաղեցված գործողությամբ ական: ԵՄ-ն պետք է ցույց տա, որ յուրացրել է Վրաստանի դասերը եւ ակտիվ խաղաղարար մասկացություն ունենա ղարաբաղյան հակամարտության մեջ»,-ասվում է հոդվածում: