AM
9 Հունիս 2009 - 06:42 AMT

«Տրոյկա Դիալոգ»-ը Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան դպրոց կկառուցի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռուբեն Վարդանյանին։

Ռուբեն Վարդանյանը ՀՀ կառավարության ղեկավարին է ներկայացրել Դիլիջան քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան շուրջօրյա դպրոց-համալիրի կառուցման ծրագիրը, որը գտնվում է նախագծման փուլում։ Դպրոցում նախահամալսարանական ծրագրով կուսանեն 550 աշակերտներ, ուսուցումը կիրականացվի անգլերեն, արտերկրից ժամանած լավագույն մասնագետների կողմից, շրջանավարտներն անհրաժեշտ պատրաստվածություն կստանան աշխարհի առաջնակարգ բուհերում ուսումը շարունակելու համար: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ողջունել է կրթության ոլորտի բարեփոխումների իրականացմանը միտված ծրագիրը եւ վստահեցրել, որ այն կլինի կառավարության ուշադրության կենտրոնում: