«Միջազգային ասպարեզում Հանրային խորհրդի գործունեությունը տարածված եւ փորձված երեւույթ է: Վերջինիս գործունեության հիմքում դրված է հանրային ներուժի ճիշտ կառավարման, քաղաքացիական ակտիվության զարգացմանն աջակցության եւ կայուն քաղաքացիական հասարակության ձեւավորման մեխանիզմը», – հայտարարել է ՀՀ Հանրային խորհրդի քաղաքացիական հանրության կայացման հարցերով հանձնաժողովի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, այն բանից հետո, երբ ընտրվեցին բոլոր հանձնաժողովների նախագահները, Հանրային խորհուրդը ձեռնամուխ եղավ ներքին ընթացակարգային խնդիրների լուծմանը` ենթակառույցների կազմավորմանը, կանոնադրության եւ նիստերի ժամանակացույցի քննարկմանը, հանձնաժողովի կազմում նոր անդամների ընդգրկման մեխանիզմի մշակումը:





