AM
12 Հունիս 2009 - 14:49 AMT

Հայաստանի Տրանսպորտի նախարարության ղեկավարը մասնակցելու է TRACECA-ի տարեկան նիստին

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը հունիսի 15-16-ը մասնակցելու է Իսիկ-Կուլում (Ղրղզստան) կայանալիք TRACECA միջակառավարական հանձնաժողովի տարեկան նիստին: Այդ մասին հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Ղրղզստանում հունիսի 15-ին կայանալու է TRACECA -ի ազգային քարտուղաների նիստը, որի ընթացքում քննարկվելու է տարեկան նիստի օրակարգի նախագիծը եւ ներկայացվելու են TRACECA -ի նախագծերը:
Հունիսի 16-ին տեղի է ունենալու TRACECA-ի միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստը, որի ժամանակ քննարկվելու են TRACECA-ի հաձնաժողովի մշտական քարտուղարության ֆինանսավորման, ինչպես նաեւ գործողությունների ծրագրի իրագործման հարցերը 2008-2009թթ.:

Բացի դրանից, նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել միջազգային կազմակերպությունների հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակահարմարության եւ TRACECA կառույցների բարեփոխումների հարցերը, ինչպես նաեւ մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագրի ստորագրում:

Համաձայն հաղորդագրության, Իսիկ-Կուլում կայանալիք TRACECA միջակառավարական հանձնաժողովի տարեկան նիստի ժամանակ տեղի է ունենալու TRACECA միջակառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության Գլխավոր քարտուղարի ընտրությունները:

TRACECA նախագիծը ստեղծվել է 1993-ին Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ Բրյուսելում: Նախագծի նպատակն է Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի զարգացումը, այլընտրանքային ուղիների ստեղծումը` օգտագործելով գոյություն ունեցող ենթակառուցվածքները բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Ներկայում TRACECA-ի անդամ-երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Բուլղարիան, Ռումինիան, Ուկրաինան եւ Մոլդովան: