Հունիսի 17-ին Հայաստան ժամանեց Կալինինգրադի մարզի ներկայացուցչական պատվիրակությունը նահանգապետ Գեորգի Բոոսի գլխավորությամբ, հաղորդում է Զարգացման հայկական գործակալության մամլո ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, այցի նպատակը առեւտրատնտեսական եւ հումանիտար հարաբերությունների կարգավորումն է: Բացի իշխանության, բիզնեսի եւ գիտության ներկայացուցիչներից պատվիրակության կազմում կան մարզիկներ, երաժիշտներ, պարողներ:
Այցի շրջանակներում ծրագրված են մի շարք հանդիպումներ ամենաբարձր մակարդակով, այդ թվում` պատվիրակության երկրորդ այցի առանցքային իրադարձությունը կդառնա բիզնես-ֆորումը եւ կալինինգրադյան ապրանքարտադրողների ցուցահանդեսը «Մոսկվայի Տուն» մշակութագործնական կենտրոնում: Ցուցահանդեսի աշխատանքը, որտեղ կարելի է ծանոթանալ սաթի արտադրանքի հետ եւ կարգավորել գործնական կապերը, կշարունակվի երկու օր:
Ուրբաթ օրը` հունիսի 19-ին, Ռուսաստանի ամենաարեւմտյան մարզի պատվիրակությունը կհարգի մեկուկես միլիոն հայերի հիշատակը` պսակ դնելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մարզի նահանգապետին կընդունի Բարձրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II: Նույն օրը Սլավոնական համալսարանի ուսանողները կկարողանան հաղորդակցվել Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսի հետ, այնուհետեւ «կմենամարտեն» Կալինինգրադի ու Երեւանի Ուրախների եւ հնարամիտների երիտասարդական թիմերը:





