Կալինինգրադի մարզի հայ գործարարները շահագրգռված են կապեր հաստատել իրենց հայաստանցի գործընկերների հետ, PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Կալինինգրադի առեւտրատնտեսական պալատի նախագահ Իգոր Ցարկովը Երեւանի Մոսկվայի տանը ընթացող գործարար համաժողովում եւ Կալինինգրադի արդյունաբերողների ապրանքների ցուցահանդեսի ժամանակ: Կալինինգրադի մարզում բավականին մեծ հայ համայնք կա` 15 000 մարդ: Նրանք բոլորը հիմնավոր, պրագմատիկ մարդիկ են, որ գիտեն, թե ինչպես է պետք վարվել ֆինանսների հետ եւ գիտեն, թե ինչ է հեռանկարը»,-ասել է նա:
Ցարկովը նշել է, որ երկկողմ հարաբերություններ հաստատելիս «կարելի է մտածել» այնպիսի ոլորտների մասին, ինչպիսիք են մշակութային եւ առեւտրային փոխանակումը, մասնավորապես, նա նշել է զբոսաշրջության ոլորտը, քանի որ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանի պատմությունը, ինչպես նաեւ Կալինինգրադի ենթակառուցվածքներն ու կլիման: «Կարելի է շրջագայություններ կազմակերպել, հատկապես եթե օդային կամուրջ լինի, դա կտեւի ընդամենը 3 ժամ»,-ասել է նա:
Ցարկովը նշել է, որ Կալինինգրադի գործարարները շատ բան ունեն սովորելու հայ գինեգործներից: «Հայաստանը մեծ ներուժ ունի այս ասպարեզում: Մենք եւս Չերնիգովի կոմբինատում կոնյակի արտադրություն ենք սկսել, միայն թե ֆրանսիական հումքի վրա, եւ մենք ձեզանից շատ բան ունենք սովորելու»,-ասել է նա: Նա հավելել է, որ կքննարկվի կոնյակի արտադրության հնարավորությունը հայկական հումքի հիման վրա, քանի որ կա կոնյակի պահպանման եւ հնեցման որոշակի փորձ, ինչպես նաեւ համապատասխան սարքավորումներ:
Կալինինգրադի մարզը կարող է Հայաստանին առաջարկել ծովամթերք, այդ մարզի հպարտությունը կազմող սաթի զարդեր, ասել է Ցարկովը: Ցարկովը մեծապես հավանություն տվեց Հայաստանի շինանյութին, մասնավորապես, տուֆին, բազալտին, նշելով, որ Կալինինգրադի մարզում օգտագործում են առավել էժան նյութեր, որոնք չեն գեղեցկացնում քաղաքը: «Մեր շինարարներն արդեն մտածում են բնական քարերի օգտագործման մասին»,-ասել է նա: Ըստ նրա, Ուրալում շուտով քար չի մնա, ուստի Հայաստանից կարելի է նաե- շիանանյութ ներկրել, անկախ առկա խոչընդոտներից:
Հունիսի 17-ին Հայաստան է ժամանել Կալինինգրադի մարզի ներկայացուցչական պատվիրակությունը նահանգապետ Գեորգի Բոոսի գլխավորությամբ:
Այցի նպատակն է կապերի հաստատումը առեւտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում: Բացի իշխանության, բիզնեսի ու գիտության գործիչներից, պատվիրակության կազմում կան նաեւ մարզիկներ, երաժիշտներ, պարողներ:
Ուրբաթ օրը, հունիսի 19-ին ՌԴ ամենաարեւմտյան մարզի պատվիրակությունը կհարգի 1,5 մլն հայերի հիշատակը, ծաղկեպսակ դնելով Հայոց ցեղասպանության հուշարձանին, իսկ նահանգապետին կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նույն օրը սլավոնական համալսարանի ուսանողները կկարողանան շփվել Գեորգի Բոոսի հետ, իսկ հետո «կմենամարտեն» Կալինինգրադի ու Երեւանի ուրախների ու հնարամիտների ակումբների երիտասարդական թիմերը:





