Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը լինելու է Nabucco խողովակաշարային նախագծի ֆինանսավորման գլխավոր մասնակիցը, Bloomberg գործակալությանը հաղորդել է էներգետիկ բիզնեսի հարցերով ՎԶԵԲ տնօրեն Ռիկարդո Պուլիտին:
Նրա խոսքերով, ՎԶԵԲ-ը կարող է գլխավորել բանկերի սինդիկատը նախագծին 1 մլրդ եվրո ֆինանսավորում տրամադրելու համար:
Ավելի վաղ OMV AG ավստրիական նավթագազային ընկերությունը եւ հունգարական MOL Nyrt-ը ձեռք են բերել Pearl Petroleum իրաքյան գազային ընկերության 20 տոկոս բաժնետոմսերն Իրաքի հյուսիսում գազի ստացումը մեծացնելու նպատակով: Գնումը Nabucco նախագծին հումքով ապահովելու ռազմավարության մի մասն է, որը ենթադրում է փոխանցումային գազատարի շինարարություն դեպի Եվրոպա Թուրքիայի միջով 3300 կմ երկարությամբ:
Nabucco նախագծի արժողությունը գնահատվում է 7 մլրդ եվրո:
Nabucco գազատարը 3300 կմ երկարությամբ պետք է անցնի Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի եւ Գերմանիայի տարածքներով: Ենթադրվում է, որ գազատարն ամեն տարի 26-32 մլրդ խմ ծավալով գազ է մատակարարելու Եվրոպային Ադրբեջանից, Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից:





