AM
19 Հունիս 2009 - 15:20 AMT

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում ԱՄԷ ԱԳ նախարարը

Հունիսի 20-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի գլխավորած պատվիրակությունը:Այցի ընթացքում նախատեսված են պատվիրակության հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Կողմերը քննարկելու են Հայաստանի եւ ԱՄԷ միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները:

Ստորագրվելու է երկու փաստաթուղթ. «ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով միմյանց հողատարածքներ նվիրաբերելու մասին» համաձայնագիրը եւ «ՀՀ եւ ԱՄԷ կառավարությունների միջեւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» փոխըմբռնման հուշագիրը,- հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: