AM
22 Հունիս 2009 - 12:01 AMT

Եթե Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայի բանակցություններն արդյունք չունենան, Բաքուն մտադիր է կրկին դիմել ՄԱԿ-ին

«Տոկիոյից վերադառնալով Բաքու Ստամբուլով` Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը կարողացավ այդ թուրքական քաղաքում մի շարք կարեւոր քննարկումներ անցկացնել թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլիի հետ: Հուլիսին Մոսկվայում նախատեսվում են ԱՄՆ եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումները, որտեղ նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քննարկումը, որի շրջանակներում հնարավոր են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները»,- հայտարարել է ադրբեջանական քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը:

Մուսաբեկովի խոսքերով, դրա հետ կապված, «Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները որոշել են խորհրդակցել եւ մանրամասնել իրենց դիրքորոշումները, քանի որ եթե Մոսկվայի բանակցությունները կոնկրետ արդյունք եւ առաջընթաց չունենան, պաշտոնական Բաքուն մտադիր է բարձրացնել ղարաբաղյան հակամարտության քննարկումը ՄԱԿ-ի մակարդակ վրա, որի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամն է Թուրքիան»:

«Արդիական է դարձել Մամեդյարովի եւ Դավութօղլիի միջեւ համատեղ համաձայնեցված դիրքորոշման քննարկումն ու մշակումը` կապված Իրանի իրադրության հետ, որի կայունության մեջ շահագրգռված են մեր երկրները, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային իրավիճակի հարցերի հետ»,-ասել է Մուսաբեկովը, հաղորդում է 1news.az-ը: