ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտական աշխատանք է տանում Վրաստանի հայ համայնքի հետ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Վիրահայոց համայնքը կարելի է բաժանել երկու մասի` ջավախահայությունն ու մյուս շրջանների հայերը: Եթե ջավախահայությանը ուծացման վտանգ չի սպառնում, ապա նույնը չի կարելի ասել մյուս շրջանների հայերի մասին»,-ասել է նախարարը:
Նրա խոսքերով, սփյուռքի նախարարությունն իրազեկված է Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների մասին եւ նախարարությունում գործում է այդ շրջանի հայերի հարցերով զբաղվող առանձին վարչություն: «Մենք մտադիր ենք նախապատրաստական դասընթացներ կազմակերպել Ջավախքի 90 ուսուցիչների համար` հայոց եկեղեցու պատմություն առարկայից: Ես վերջերս եմ եղել այդ տարածաշրջանում: Նախարարության աշխատակիցները եւս այցելում են Վրաստանի տարբեր քաղաքներ եւ հանդիպում են հայ համայնքների ներկայացուցիչների հետ»,-ասել է Հ.Հակոբյանը` հավելելով, որ նախարարությունը նույնիսկ առաջարկել է Հայաստանի համալսարանների բաժանմունքներ բացել Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում: Միեւնույն ժամանակ նախարարը կոչ է արել Վրաստանի հայերին սովորել վրացերեն եւ ինտեգրվել երկրի հասարակությանը:





