AM
25 Հունիս 2009 - 07:56 AMT

Իրանից հաղորդագրություններ են ստացվում նոր բախումների մասին

Թեհրանում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ուժերի եւ ցուցարարների միջեւ, որոնք չեն հնազանդվել բողոքի ցույցեր անցկացնելու արգելքին: Ականատեսները Associated Press-ի են հայտնել, որ չորեքշաբթի ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է մահակներ եւ արցունքաբեր գազ:

Երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին չորեքշաբթի հայտարարել է, որ պետությունը չի նահանջի ճնշումներից: Նախօրեին Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը պաշտոնապես հայտարարեց, որ քվեարկության արդյունքները ուժի մեջ կմնան, քանի որ «ընտրությունների ընթացքում էական խախտումներ չեն եղել»: Սակայն ավելի ուշ այաթոլլա Համենեին համաձայնվել է երկարացնել խախտումների բողոքարկման ժամկետը եւս հինգ օրով:

Ընդդիմադիր առաջնորդ ու նախկին վարչապետ Միր Հոսեյն Մուսավին վերջին օրերին չի հայտնվել հասարակության մեջ: Միեւնույն ժամանակ Մուսավիի կայքում հայտնվել է նրա կնոջ` Զահրա Ռահնավարդի հայտարարությունը, որն ակտիվորեն մասնակցել է նախընտրական արշավին:

Հաղորդագրության մեջ ասվում է,որ նա նվիրում է իրեն ընտրությունները չեղյալ հայտարարելու համար պայքարին. «Դա իմ պարտքն է, պաշտպանել իրանցիների իրավունքները»:

Բացի այդ, կայքում ասվում է, որ Ռահնավարդը պահանջում է ազատ արձակել բոլոր նրանց, ում ձերբակալել են ընտրություններից հետո, ներառյալ Մուսավիի թերթի աշխատակիցներին:

Իրանում ընդդիմության կողմնակիցները կոչ են արել հինգշաբթի օրը սգո օր հայտարարել` ի հիշատակ զոհված առնվազն 17 ցուցարարների:

Եռօրյա ազգային սուգ հայտարարելու կոչ է արել այաթոլլա Հոսեյն Ալի Մոնթարեզին, հաղորդում է BBC-ին: