AM
26 Հունիս 2009 - 19:51 AMT

Ստուգիչ հանձնաժողովը կեղծումներ չի հայտնաբերել Իրանի նախագահի ընտրությունների ժամանակ

Իրանի պաշտպանների խորհուրդը` երկրի բարձրագույն վերահսկիչ եւ օրենսդիր մարմինը, կեղծումներ չի հայտնաբերել նախագահական ընտրությունների ժամանակ, որոնց արդյունքում ընտրվել է Մահմուդ Ահմադինեժադը, հաղորդում է AFP գործակալությունը` վկայակոչելով Խորհրդի մամլո քարտուղար Աբասալի Կադհոդային:

«10 օր տեւած ստուգումներից հետո մենք ոչ մի խոշոր խախտում չենք հայտնաբերել: Մեզ մոտ կեղծումներ չեն եղել ոչ մի նախագահական ընտրության ժամանակ, իսկ վերջին ընտրություններն ամենաթափանցիկն էին ողջ պատմության ընթացքում», – հայտարարել է Աբասալի Կադհոդային:

Հունիսի 22-ին Պաշտպանների խորհրդի ներկայացուցիչներն արդեն հայտարարել էին, որ միայն աննշան խախտումներ էին հայտնաբերել 50 ընտրատեղամասում. ընտրությունների ժամանակ քվեարկել է երեք միլիոն մարդ ավել, քան նշվել է ընտրողների ցուցակում, սակայն, ինչպես նշել են Խորհրդում, դա չի անդրադարձել քվեարկության ընդհանուր արդյունքի վրա: