AM
10 Հուլիս 2009 - 11:04 AMT

Դ.Լոքյան. Թուրքական շուկա դուրս գալու համար Հայաստանը պետք է լուրջ օրենսդրական աշխատանք տանի

Թուրքական շուկա դուրս գալու համար Հայաստանը պետք է լուրջ օրենսդրական աշխատանք տանի, հայտարարել է ՀՅԴ անդամ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը ԼՂՀ-ում ընացող «Ղարաբաղյան հակամարտություն` նոր իրողություններ» խորագրով միջազգային խորհրդաժողովում: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, Դ.Լոքյանը նշել է, որ թուրքական շուկան լրջորեն պաշտպանված է այլ երկրներից ներկրվող ապրանքներից, եւ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն պես Հայաստանի համար առաջնային պետք է լինեն բանակցություններն ազատ առեւտրի կանոնների շուրջ: Հակառակ դեպքում, հավելել է նա, ոչ մի հայկական ապրանք չի կարողանա մրցունակ լինել թուրքական շուկայում:

Բացի այդ, հայտարարել է Դ.Լոքյանը, Թուրքիան ընդգրկված է ԵՄ-ի մաքսային սահմաններում, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ Հայաստանի համար: «Կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի կնքմանն ուղղված քայլեր ձեռնարկի եւ նմանատիպ բանակցություններ սկսի Թուրքիայի հետ»,-ասել է նա: