«Հայաստանում եւ Ադրբեջանում տիրող իրավիճակները տարբերվում են միմյանցից», – Մադրիդյան սկզբունքների հրապարակմանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբկացության նախագահ Խաչիկ Հարությունյանը : Նրա խոսքերով, ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում հայկական կողմը վճռականորեն պաշտպանել է իր դիրքորոշումը եւ հավատարիմ է մնացել իր սկզբունքներին: «Դա հաստատում են վերջերս հրապարակված Մադրիդյան սկզբունքները», – ընդգծել է Հարությունյանը:
Հարությունյանի կարծիքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտությունները հարցի լուծման սկզբունքների մասին եւ Մադրիդյան փաստաթղթում տեղ գտած սկզբունքները համապատասխանում են իրար: Ընդ որում, Հարությունյանն ընդգծել է ադրբեջանական կողմի անհետեւողականությունը, հայտարարելով, որ «Իլհամ Ալիեւը բանակցությունների ժամանակ մի բան է ասում, իսկ ժողովրդին` բոլորովին այլ բան»:
Նրա խոսքերով, Մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո Ադրբեջանական կողմին վերջնականապես պարզ է դարձել, որ Իլհամ Ալիեւի ոչ մի ասած չի համապատասխանում իրականությանը: «Թեեւ նա փորձել է հարթել իրավիճակը, սակայն փաստաթղթերով երեւում է, որ Լեռնային Ղարաբաղն արդեն համարվում է միջազգային իրավունքի սուբյեկտ», – նշել է Հարությունյանը:
Հարությունյանը նաեւ համաձայնել է ՀՀԿ-ի մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովի երեք սկզբունքների մասին հայտարարության հետ, նշելով, որ ԼՂՀ-ը չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան այն, որ ունի ներկայումս, Հայաստանը պետք է ընդհանուր ցամաքային սահման ունենա Ղարաբաղի հետ, եւ պետք է երաշխավորվի ԼՂՀ եւ նրա ժողովրդի անվտանգությունը:
Հարությունյանի կարծիքով, Մադրիդյան սկզբունքների հրապարակման պատճառը բանակցությունների բովանդակության հետ երկու երկրների հասարակայնությանը ծանոթացնելու անհրաժեշտությունն էր:





