Մտահոգություն հայտնելով մադրիդյան սկզբունքների հրապարակման վերաբերյալ, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանն այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ընդգծել է, որ ազատագրված տարածքներն ի սկզբանե հայկական էին եւ դրանք վերադարձնելու մասին խոսք անգամ լինել չի կարող: «Գոյություն չունի ԼՂՀ-ին մերձակա տարածքներ հասկացություն, այդ տարածքները կամ Հայաստան են, կամ Իրան են, կամ Ադրբեջան»,-հայտարարել է նա եւ ընդգծել, որ մադրիդյան սկզբունքների հեղինակները, այդ թվում նաեւ Հայաստանը, շեղվել են ոչ միայն ներկայի իրական պատկերից, այլ նաեւ այն պատկերից, որ կար 1988-92թթ.:
Ըստ Ալավերդյանի, Հայաստանի ու Ղարաբաղի համար չափազանց նվաստացուցիչ է մադրիդյան սկզբունքներում առաջարկվող ձեւակերպումը Ղարաբաղի ժողովորդի կամքի արտահայտման մասին, որի ժամկետներն անորոշ են: Նա նշել է, որ ընդունելով այդ կետը, Հայաստանը կասկածի տակ է դնում Ղարաբաղում արդեն անցկացված անկախության մասին հանրաքվեն: Պատգամավորնը նաեւ առաջարկել է, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչմ, ըստ նրա, ցույց կտա աշխարհին Հայաստանի հստակ դիրքորոշումն այս հարցում:
Լարիսա Ալավերդյանն արդեն ընդգծել է, որ հատկապես վտանգավոր է միջազգային խաղաղապահ ուժերի մասին կետը, որոնք, ինչպես ցույց է տալիս փորձը, ոչ միայն չի ապահովում անվտանգությունը, ավելին, նրանց ներկայությունը միայն բարձրացնում է առճակատման մակարդակը:





