AM
18 Հուլիս 2009 - 17:04 AMT

Նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը շնորհակալ են Մեդվեդեւից

Մոսկվայում ավարտվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը: Այն սկսվել է ՌԴ նախագահի մրցանակին նվիրված ձիարշավներից անմիջապես հետո, եւ կառուցողական ընթացք է ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոյին:

«Մեր գնահատմամբ շատ կառուցողական հանդիպում էր, որի ընթացքում շարունակվել է մի շարք բաց հարցերի քննարկումը, – լրագրողներին ասել է Սերգեյ Պրիխոդկոն: – Այսօրվա, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների, արդեն չորրորդ հանդիպման ընթացքում, Դմիտրի Մեդվեդեւը հաստատել է Ռուսաստանի, որպես Մինսկի խմբի համանախագահի, պատրաստակամությունը հետագայում եւս ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ փոխընդունելի որոշումների որոնման ուղղությամբ»:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով ՌԴ նախագահի օգնականին, նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը շնորհակալություն են հայտնել Դմիտրի Մեդվեդեւին` Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցմանն ուղղված ջանքերի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: