AM
20 Հուլիս 2009 - 13:07 AMT

Մոսկվայում քննարկվե՞լ է ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացման հարցը

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները մոսկովոյան հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի ճշտման հնարավոր հանրաքվեի անցկացման կարգը: Այդ մասին գրում է «Կոմերսանտ» թերթը` ՌԴ ԱԳՆ-ի վրա հղումով:

«Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս համաձայնության չեն հասել կետերից եւ ոչ մեկրի շուրջ»,-գրում է թերթը` նշելով, որ բանակցություններն ընթանում են փակ դռների ետեւում: «Կոմերսանտ»-ի զրուցակիցները ՌԴ ԱԳՆ-ում հաղորդել են, որ առանցքային հարցը հակամարտող տարածաշրջանի բնակչության ինքնորոշման վերաբերյալ քվեարկության կարգի մասին հարցն էր եւ առաջարկվող «միջանկյալ կարգավիճակի» էությունը:

Մադրիդյան սկզբունքների 4-րդ կետը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշում «կամքի արտահայտման միջոցով, պարտադիր իրավական հետեւանքներով»: Իսկ երկրորդ կետը հիշեցնում է, որ մինչ այդ Լեռնային Ղարաբաղը պետք է անցումային կարգավիճակ ունենա, որն, ինչպես մեկնաբանում են բանակցող կողմերը, «չի նվազեցնի Լեռնային Ղարաբաղի այսօր ունեցած ազատության ծավալը»:

Նախագահների թվով վեցերորդ հանդիպումը տեղի ունեցավ Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում եւ տեւեց շուրջ 3,5 ժամ: Հանդիպման արդյունքում կողմերը հանդես չեկան պաշտոնական հայտարարությամբ: