«Շատերն ասում էին, որ Իլհամ Աիեւից հազիվ թե պետական եւ քաղաքական գործիչ ստացվի, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա Հեյդար Ալիեւի որդին է, հակառակ հույսեր կային», – Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը : Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հետ հանդիպման ժամանակ Ալիեւը լուրջ բացթողում է արել: «Նրա կողքին նստած էին Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը եւ Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին: Երեւում է, Ադրբեջանի նախագահը չէր նկատել, թե սեղանի շուրջ ում հետ են իրեն նստեցրել», – նշել է Սարգսյանը, ավելացնելով, որ Ադրբեջանի նախագահը, ինքն այդ մասին չիմանալով, ճանաչել է չճանաչված պետությունները: «Եթե նա այդ օրը կարողացավ ընկերանալ չճանաչված պետությունների նախագահների հետ, ապա դա նշանակում է, որ աստիճանաբար կկարողանա ընկերանալ նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ», – հայտարարել է նա:
Ընդ որում, ՀԺԿ առաջնորդը նշել է, որ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զարմանալիորեն լավ տրամադրություն ուներ:





