Մադրիդյան սկզբունքների ողջ հարցը նրանում է, որ դրանք միաժամանակ պարունակում են ինչպես հայանպաստ, այնպես էլ ադրբեջանամետ դրույթներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Չի կարելի մոռանալ, որ այս սկզբունքները ոչ թե Երեւանը կամ Բաքուն է մշակել, այլ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները: Նրանք հիմք են բանակցությունների համար: Ինձ առավելապես անհանգստացնում են ոչ թե մադրիդյան սկզբունքները, այլ այն, որ Հայաստանը կարող է ավելի թույլ գտնվել բանակցություններում»,-ասել է հայ փորձագետը` հավելելով, որ Հայաստանի թուլությունը երկրի ներսում է գտնվում:
Ինչպես նշել է Կիրակոսյանը, այսօր Հայաստանի համար իրական սպառնալիքը բխում է ոչ այնքան Բաքվից, որքան Մոսկվայից: «Ռուսաստանը մերձենում է Ադրբեջանի հետ եւ ցանկանում է ասել ամերիկացիներին, որ նա առավել արդար է լինելու Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում: Հիմնական վտանգը բխում է մեր բարեկամներից եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած շրջադարձի»,-հայտարարել է փորձագետը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցին, ապա Ռ.Կիրակոսյանը կարծիք է հայտնել, որ այսօր ԵԱՀԿ ՄԽ-ն հիանալի գիտակցում է, որ Ղարաբաղն Ադրբեջանին հանձնելու ցանկացած փորձ պատերազմի կհանգեցնի: «Մի խոսքով, դա անհնար է: Նման փորձերը միայն վտանգ են պարունակում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ու կարգավիճակի հարցերը մասնակիորեն լուծված են: Այսօր իրական հարցն այն է, թե ցանկանում է արդյոք Ղարաբաղը լինել անկախ թե միանալ Հայաստանին: Այդ հարցը պետք է Ստեփանակերտը լուծի»,-ասել է փորձագետը:





