AM
21 Հուլիս 2009 - 14:48 AMT

Մոսկվան Հայաստանի շահերի հաշվին քայլեր չի կատարի

Մոսկվան ակտիվացրել է իր ջանքերն ու կարեւոր դեր է կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլում: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Ներկայումս Ռուսաստանին հարկավոր է կապ ստեղծել Հայաստանի տարածքում գտնվող իր ռազմակայանների հետ: Այդ ռազմակայնները չափազանց մեծ դերակատարություն ունեն Մոսկվայի հարավկովկասյան քաղաքականության մեջ»,-հայտարարել է պրոֆեսորը:

Նրա խոսքերով, այդ կապը պետք է ցամաքային լինի` Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան երկաթուղով: «Այսօր ՀՀ-ն Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է Հարավային Կովկասում: Մոսկվայի քաղաքականությունը Բաքվի հարցում հիմնված չէ ռազմավարական գործընկերության վրա: ՌԴ-ն երկու նպատակ ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում` Բաքվին դարձնել իր նավթագազային քաղաքականության մի մասը ու ավելացնել Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ ջրբաժանը: Թե որքանով դա կհաջողվի Մոսկվային, ցույց կտա ժամանակը»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը:

Ելնելով դրանից, արեւելագետը վստահաբար ընդգծել է, որ ռուսական դիվանագիտությունը Ղարաբաղի հարցում Հայաստանի շահերի հաշվին քայլեր չի կատարի: