ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոունի եւ Մարկ Քըրկի, ինչպես նաեւ կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Ջորջ Ռադանովիչի նախաձեռնությամբ, ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ իրենց մտահագությունն են հայտնել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Ինչպես ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հաղորդագրության մեջ, նամակում ամերիկացի կոնգրեսականները մտահոգություն են հայտնել, որ Թուրքիան չի հետեւում Հայաստանի հետ ստորագրած «ճանապարհային քարտեզին» եւ շարունակում է նախապայմաններ առաջադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
«Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան, փորձելով արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ԱՄՆ-ի կողմից, գնաց «ճանապարհային քարտեզի» ստորագրմանը, սակայն իրականում Անկարան մտադիր չէ հետեւել նրա դրույթներին»,-ասվում է ԱՄՆ նախագահին հասցեագրված նամակում: Կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ վարչակազմին տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից:





