AM
22 Հուլիս 2009 - 12:10 AMT

Ռուսաստանն ու Իրանը ոչ ոքի թույլ չեն տա ամրապնդվել Հարավային Կովկասում

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տարբերվում էր նախորդներից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա, հանդիպումը տարբերվում էր ոչ թե նրանով, որ այնտեղ քննարկվեցին նորացված սկզբունքները, այլ նրանով, որ նախագահները հանդիպեցին առանց վկաների: «Ղարաբաղյան հարցի էությունն այնքան էլ չի հետաքրքրում ՌԴ-ին: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում եմ կարգավորել հակամարտությունը, ելնելով իր պետական շահերից, ապա Ռուսաստանի նպատակները բոլորովին այլ են»,-հայտարարել է Շաքարյանցը` նշելով, որ ՌԴ-ն տարածաշրջանում սեփական խաղն է վարում եւ «հաղթաթղթեր» է հավաքում իր ռազմավարական խնդիրների լուծման համար, որոնք կապված չեն Ղարաբաղի խնդրի հետ:

«Մոսկվան ի դեմս Թուրքիայի կամ Թուրքիայի միջոցով ոչ ոքի թույլ չի տա իր շահերը հաստատել Հարավային Կովկասում: Այդ մասին վկայում է այն փաստը, որ մինչ մոսկովյան հանդիպումը տեղեկություններ են տարածվել ՀԱՊԿ ներկայացուցիչների արտահայտությունների վերաբերյալ` հակամարտության գոտում բացառապես ՀԱՊԿ զորքերի տեղակայման մասին»,-ասել է Շաքարյանցը:

Նա նաեւ ընդգծել է, որ հակամարտության գոտում արեւմտյան խաղաղապահների տեղակայմանը դեմ կլինի նաեւ Իրանը: «Ես Իրանի ներկայացուցիչ չեմ, սակայն շատ լավ եմ հասկանում իրավիճակը: Ես չէի ցանկանա, որ իմ հյուսիսային սահմանի մոտ ՆԱՏՕ-ի զորքեր կանգնած լինեն»,-հայտարարել է Շաքարյանցը` ընդ որում նշելով, որ պատճառը ոչ թե այն է, որ Իրանը չի վստահում Արեւմուտքին կամ ՆԱՏՕ-ին, այլ այն, որ ուղղակի չի ցանկանում իր սահմանների մոտ տեսնել այն երկրների զորքերը, որոնց հետ դիմակայության մեջ է: «Ինչպես նաեւ Ռուսաստանը չի ցանկանում տեսնել իր սահմանների մոտ իր հարավային տարածաշրջանների ապակայունացնող գործոն համարվող ուժերին: Եվ դրա հետ Երեւանն ու Բաքուն պետք է հաշվի նստեն»,-ընդգծել է Շաքարյանցը: