AM
27 Հուլիս 2009 - 09:06 AMT

Վաղը Հայաստան կժամանի Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 28-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը: Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բորիս Տադիչի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Սերբիայի ղեկավարները հայտարարություն կանեն մամուլի համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի անունից ի պատիվ Սերբիայի Նախագահի կտրվի պաշտոնական ճաշ:

Այցի շրջանակում Բորիս Տադիչը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին:

Սերբիայի նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:

Բորիս Տադիչը հարգանքի տուրք կմատուցի եւ ծաղկեպսակ կդնի նաեւ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո աղետյալ բնակչությանն օգնության շտապող ավիավթարից զոհված հարավսլավացի օդաչուների հուշարձանին:

Սերբիայի նախագահը կայցելի նաեւ Մատենադարան:

Բորիս Տադիչին ուղեկցող պատվիրակության կազմում են նաեւ Սերբիայի արտաքին գործերի, առեւտրի ու ծառայությունների նախարարները, ովքեր հանդիպումներ կունենան իրենց հայ գործընկերների հետ:

Հուլիսի 29-ին Սերբիայի ղեկավարը կմեկնի Հայաստանից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: