Աշխարհի ավելի քան 50 երկրներում տեղի են ունեցել հանրահավաքներ` Թեհրանի քաղաքականության դեմ եւ ի պաշտպանություն Իրանում մարդու իրավունքների ու ԶԼՄ-ների ազատության: Հանրահավաքների կոչով հանդես էին եկել Amnesty Internatipnal եւ «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունները, հաղորդում է Deutsche Welle-ն:
Հանրահավաքներին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ: Ամենաբազմամարդ ցույցերը տեղի են ունեցել Բեռլինում, Դյուսելդորֆում, Ֆրանկֆուրտում, Մյունհենում եւ Համբուրգում: Հուլիսի 26-ին բողոքի ակցիաները շարունակվեցին Գերմանիայի մայրաքաղաքում:
Ինչպես հայտարարել է Amnesty Internatipnal-ի ղեկավարը ԳԴՀ-ում Մոնիկա Լյուկեն, «Իրանում արդեն վեց շաբաթ շարունակ ոտնահարվում են մարդու հիմնական իրավունքները»; Ըստ այդ կազմակերպության տվյալների, Իրանում սպանվեց 33 մարդ, 2200 մարդ ձերբակալված է:
Ամստերդամում կայացած ցույցում հանդես է եկել խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին` կոչ անելով միջազգային հանրությանը չճանաչել ընտրությունների արդյունքները Իրանում եւ պահանջել է ձայների վերահաշվարկ անցկացնել ՄԱԿ-ի դիտարկման տակ:
Թեհրանում ընդդիմության հարյուր հազարավոր կողմնակիցներ կրկին դուրս են եկել փողոց` բողոքելով Մ.Ահմադինեժադի դեմ: Ըստ ականատեսների, ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների դեմ:





