Չնայած բոլոր հոգեբանական պատնեշներին ու կատարվող քաղաքական իրադարձություններին, որնք միշտ չէ, որ հուսադրող են, Թուրքիան ու Հայաստանը ներգրավվել են փոխադարձ ճանաչման ու շփման ուշացած գործընթացի մեջ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Ստամբուլի Բիլջի համալսարանի դասախոս Թուրգութ Թունջելը:
«Այս գործընթացում արդյունքի հասնելու համար, Երեւանն ու Անկարան պետք է մեծ ուշադրություն դարձնեն երկու կողմերի զգայուն կետերին: Հայերի համար հոգեբանական արգելքներից մեկն այն զգացողությունն է, որ իրենք անտեսված են թուրքերի ու թուրքական կառավարության կողմից: Թուրքերն ու թուրքական կառավարությունը պետք է հասկանան այդ վիճակը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն, ցույց տալու համար, որ իրենք չեն անտեսում հայերին»,-ասել է Թունջելը: Ըստ նրա, այս ուղղությամբ պետք է խոստովանել, որ հայերը բնակվել են Անատոլիայում, դադարեցնել թշնամական հռետորությունը, որը տարածվում է դպրոցական դասագրքերի ու ԶԼՄ-ների միջոցով, ինչպես նաեւ հարգել Անատոլիայի հայկական մշակութային ժառանգությունը:
«Համապատասխանաբար, Անատոլիայի հայկական մշակույթի ճանաչումն ու այդ մշակութային մասունքների վերականգնումը մեծ նշանակություն ունի: Այդպիսով, Թուրքիան ոչ միայն ցույց կտա հայերին, որ հարգում է հայ ժողովրդին, այլ նաեւ ճշմարիտ պատմական գիտակցություն կսերմանի երիտասարդ թուրքերի մոտ»,-հայտարարել է նա:





