Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի պաշտպաններ Արթուր Գրիգորյանն ու Արա Զաքարյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում հետապնդվող հայ պատգամավորը հերքում է իրեն հասցեագրված մեղադրանքները: Իր ուղերձում Խաչատուր Սուքիասյանն ընդգծում է, որ ոչ մի հանցագործություն չի կատարել եւ որպես ԱԺ պատգամավոր անձեռնմխելիություն ունի:
Սուքիասյանը հայտարարել է, որ Հայաստանում չի գտնվի մի մարդ, որը կկարողանա առաջադրել թեկուզ մեկ փաստ, որը կվկայի իր կողմից հանցագործություն իրականացնելու մասին, եւ այսօր զրկանքներ է կրում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությանն աջակցելու իր` որպես պատգամավորի, պարտքը բարեխղճորեն կատարելու համար:
Խաչատուր Սուքիասյանի պաշտպաններն ընդգծել են, որ միջազգային կառույցների, մասնավորապես` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի կողմից ձեռնարկված գործընթացը դեռ իր տրամաբանական ավարտին չի հասցվել եւ իշխանությունների կողմից համաներման ակտի ընդունումն ինքնին չի նշանակում եւ չի կարող մեկնաբանվել իբրեւ այն պարտավորությունների ամբողջական կատարում, որոնք նրանք ունեն Խ.Սուքիասյանի եւ նրա գործընկերների նկատմամբ: Ուշ թե շուտ իշխանությունների առջեւ դրվելու է նաեւ ակնհայտ անմեղ անձանց նկատմամբ քաղաքական հետապնդումներն իսպառ դադարեցնելու անհրաժեշտության հարցը:
Նրանք նաեւ ավելացրել են, որ Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանալ իշխանություններին, քանի որ ավելի քան համոզված է իր անմեղության մեջ, ասվում է պատգամավորի պաշտպանների հայտարարության մեջ:





