AM
29 Հուլիս 2009 - 16:49 AMT

Գյուղատնտեսության ոլորտն առավել հեռանկարային եւ հայ-սերբական հարաբերությունների խորացման համար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Երեւանում` Սերբիայի Հանրապետության նախագահի կեցավայրում, հանդիպում է ունեցել նախագահ Բորիս Տադիչի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-սերբական հարաբերությունների զարգացմանը, տարբեր բնագավառներում համագործակցության հնարավոր ուղիներին առնչվող հարցեր։

Խոսելով միջկառավարական հարաբերություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին, զրուցակիցները կարեւորել են համագործակցության հնարավորությունները բացահայտելու նպատակով փոխադարձ շփումների ու գործարար կապերի հաստատումը։ Երկկողմ հարաբերությունների համար առավել հեռանկարային են համարվել գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման ոլորտները։

Ըստ Սերբիայի նախագահի եւ Հայաստանի վարչապետի, հայ-սերբական դարավոր բարեկամությունը, մշակութային կապերի աշխուժացումը լավ հիմք կհանդիսանան երկու երկրների հարաբերություններին նոր որակ հաղորդելու գործում։