ԱՄՆ-ում Հայաստանի Գլխավոր Հյուպատոսությունն ի գիտություն է ընդունել ԱՄՆ դատախազության Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանի գրասենյակի հայտարարությունը, որտեղ նշվում է անօրինական գործունեություն կատարելու մեղադրանքով Լոս-Անջելեսում բնակվող հայազգի 5 անձանց ձերբակալման մասին:
«Մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել ԱՄՆ իրավապահ մարմինների հետ` շահագրգռված լինելով հարուցված քրեական գործի հանգամանքների շուտափույթ բացահայտման մեջ: Հյուպատոսությունը ակնկալում է առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ ամերիկյան կողմից գործում առկա փաստերի` մասնավորապես մեղադրվող անձանց կողմից հյուպատոսության պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ»,- ասվում է ԱՄՆ-ում ՀՀ Գլխավոր Հյուպատոսության հաղորդագրության մեջ:
Ինչ վերաբերում է Լոս-Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության մեղադրվող նախկին երկու աշխատակիցներին, ապա Նորայր Ղալումյանը 2002թ.-ից չի աշխատում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում, իսկ 2003 թ. ազատվել է ԱԳՆ համակարգում աշխատանքից եւ մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում: ԱՄՆ քաղաքացի Հակոբ Հովհաննիսյանը հյուպատոության տեխնիկական անձնակազմի անդամ է եղել եւ ազատվել է աշխատանքից 2007թ.:
Լոս-Անջելեսում ձերբակալվել է Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը: Նրան կասկածում են փաստաթղթերի կեղծման մեջ, որոնք պետք է օգնեին անօրինական գաղթականներին խուսափել ԱՄՆ-ից աքսորվելու վտանգից: Այդ հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ կասկածյալները կեղծում եւ Հայաստանից ժամանած գաղթականներին էին վաճառում նամակներ, որոնցում ասվում էր, որ հայկական իշխանությունները նրանց համար երկիր մուտք գործելու համար փաստաթղթեր չեն ձեւակերպի, ինչը պետք է բարդացներ աքսորի ընթացակարգը:
Ներկա պահին նրանք գրավով ազատ են արձակվել:





